10 հուլիսի 2018 - 16:00 AMT
Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ցուցմունք կտա հուլիսի երկրորդ կեսին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հաստատել է, որ որպես վկա Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Խաչատուրովը մտադիր է ցուցմունք տալ հուլիսի երկրորդ կեսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խաչատուրովը հաստատել է, որ ծանուցագիր է ստացել Երևանում իր բնակության հասցեով ՀՀ ՀՔԾ որպես վկա կանչվելու վերաբերյալ: Նա մտադիր է ներկայանալ հուլիսի երկրորդ կեսին: Հարցաքննության կանչելը կապված է 2008-ին մարտի 1-2-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր»,-ասել է Զայնետդինովը:

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա հանդեպ հետախուզում է հայտարարված։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: