10 հուլիսի 2018 - 16:49 AMT
«Մարտիկ» հիմնադրամում ավելի քան 26 մլն դրամի չարաշահումներ են եղել. Քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Մարտիկ» հիմնադրամում արձանագրված ավելի քան 26 մլն դրամի չարաշահումների դեպքի առթիվ, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ 2008-2017 թվականներին «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի կատարած վարչական ծախսերը 10%-ով գերազանցել են ընդհանուր ծախսերը. գերածախսը կազմել է ընդհանուր 26,1 մլն դրամ։

Խախտվել են «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 5.5 կետի պահանջները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել հիմնադրամին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: