10 հուլիսի 2018 - 18:25 AMT
Վարչապետը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորությունում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, կհանդիպի կառույցի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ Փաշինյանը կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Փաշինյանը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: