Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:
Միևնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:
Ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն էր ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միևնույն ժամանա Արավ Վարդանյանն իր ուղերձում գրել է, որ Խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը, և ներողություն է խնդրել բոլորից:
Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։