11 հուլիսի 2018 - 18:02 AMT
Վրաստանի սահմանը չգրանցված մեքենայով հատելու համար տիրոջ տված լիազորագիր է պետք

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Վրաստանի սահմանը չգրանցված ավտոմեքենայով հատելիս ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիր՝ վրացերենով կամ անգլերենով, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Եթե պատրաստվում եք հատել Վրաստանի սահմանը Ձեր անունով չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք ունենալ մեքենայի տիրոջ կողմից տրված լիազորագիրը՝ վրացերենով կամ անգլերենով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,- մասնավորապես նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ոչ թույլատրելի չափաքանակով տարբեր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ծանուցագրեր է պատրաստել, որոնք ուղարկվել են հայ-վրացական սահմանային անցակետ՝ սահմանը հատել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին տրամադրելու համար: