12 հուլիսի 2018 - 14:55 AMT
Երանոսյանը ուզել է հանդիպել, ներողություն խնդրել Սասուն Միքայելյանից. Վերջինս հրաժարվել է

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրուցում ասել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը փորձել է հանդիպել իրեն՝ ներողություն խնդրելու նպատակով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ցանկացել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- պատմել է Միքայելյանը լրագրողներին:

Թավշյա հեղափոխության օրերին՝ ապրիլի 22-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են իրավապահների կողմից: Այդ օրը՝ նախքան Միքայելյանի ձերբակալությունը, այն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել. երկու կողմից հայհոյանքներ են հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր Երանոսյանի կողմը: