12 հուլիսի 2018 - 15:36 AMT
Հունիսին սննդամթերքն էժանացել է մոտ 4%-ով

Հայաստանում 2018 թվականի հունիս ամսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գրանցվել է 1,6%-անոց գնանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունիսին 3,9%-ով էժանացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները:

Հագուստի և կոշկեղենի գները նվազել են 4,3%-ով, բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները՝ 0,1%-ով, հանգստի և մշակութային ծառայություններինը՝ 2,4%-ով:

1,3%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքներն և ծխախոտը, 1,2%-ով՝ կենցաղային տեխնիկան և իրերը, 0,4%-ով՝ ռեստորանների և հյուրանոցների սպասարկման գները:

Հայաստանում 2018 թվականի մայիս ամսին ապրիլի նկատմամբ սպառողական շուկայում գրանցվել էր 1%-անոց գնանկում: