13 հուլիսի 2018 - 10:10 AMT
Փաշինյան. ԼՂ խնդիրը պատերազմով լուծելու ցանկացած փորձ դիտարկվում է հարձակում ժողովրդավարության դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի Աֆղանստանում «Վճռական աջակցության» առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին», - նշել է նա:

Վարչապետն ասել է, որ հայկական կողմը վերահաստատում է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, «որոնք ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-13-ը մասնակցում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: