13 հուլիսի 2018 - 10:40 AMT
Սարիգյուղի համայնքապետը ավելի քան 2 մլն դրամ է յուրացրել. Մեղադրանք է առաջադրվել

Սարիգյուղ համայնքի ղեկավարին ավելի քան 2 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով մեղադրանք է առաջադրվել. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ համայնքի ղեկավար Կ. Էլլարյանը, 2015-2016-ին պետաջակցության ծրագրով ստացել է մոտ 2,5 մլն դրամի 15 տոննա 300 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու՝ Սարիգյուղ համայնքի բնակիչներին հատկացնելու համար։ Սակայն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է նշված սերմացուի վաճառքից գոյացած 1,5 մլն դրամը:

2018թ. ապրիլի 27-ին քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը գործը վարույթ է ընդունել. քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է ևս 574.000 դրամի հափշտակություն՝ կատարված 2014թ.։

Ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կ.Էլլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե