13 հուլիսի 2018 - 15:07 AMT
Փաշինյանը ՆԱՏՕ-ին կոչ է արել ազդեցիկ ուղերձ հղել Ադրբեջանին՝ ԼՂ խնդրի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ է, քանի որ այժմ ՀՀ-ն «իսկապես ժողովրդավարական երկիր է»:

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանըվախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից՝նախաձեռնելով երկրում ժողովրդավարական փոփոխություններ:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: