25 ապրիլի 2008 - 16:19 AMT
Արփի Վարդանյան. Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը չափազանց կարեւոր քայլ է
Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը չափազանց կարեւոր քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, թանգարանի գոյությունը կապացուցի, որ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում պատմական իրողություն է: «Կարելի է ճանաչել կամ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այն, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կա նման թանգարան, ամենավառ ապացույցն է: «Թանգարան այցելող մարդիկ կծանոթանան XX դարասկզբի փաստաթղթերին, ավելի լավ կհասկանան հայ ժողովրդի ցավն ու վիշտը»,-ասել է Արփի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Ազգային բանկի պետական շենքում կբացվի Հայոց ցեղասպանության թանգարանը (AGMA): Օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքվել թանգարանային շենքերի կառուցման մեջ մասնագիտացած ընկերությունների հետ: Ընտրվել է երկու ընկերություն Gallagher & Associates и Martinez & Johnson Architecture, որոնք արդեն նման տիպի բազում շենքեր են կառուցել ԱՄՆ-ում: «Հուշահամալիրը կլինի Սպիտակ տան հարեւանությամբ եւ կընդգծի ապագայում ԱՄՆ-ի դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,-առաջին լսումների ժամանակ հայտարարել է AGMA հանձնաժողովի ղեկավար Վան Գրիգորյանը: