14 հուլիսի 2018 - 12:47 AMT
Համայնքներում սուբվենցիոն 38 ծրագիր կիրականացվի

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը.38 ծրագիր կիրականացվի, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հանրապետության 37 համայնքից ստացվել է սուբենցիայի 42 ծրագրային հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1,5 մլրդ դրամ։

Նախարարի զեկուցմամբ նշված գումարից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 980,3 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը` 642,8 մլն դրամ, իսկ 598,4 հազար դրամը մասնավոր հատվածի միջոցներն են:

Հավանության է արժանացել 38 ծրագիր, որոնք նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մշակութային տների, հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր իրականացնելու համար։