25 ապրիլի 2008 - 16:28 AMT
Երեւանում բացվել է Էքսպո «Մեր տունը 2008» ցուցահանդեսը
«Մեր տունը 2008» ազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Երեւանում: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ցուցահանդեսի նպատակն է հայկական եւ արտերկրի ցուցահանդեսների միավորումը, որոնք գործում են շինարարության, նախագծման, դիզայնի ոլորտներում բարձրակարգ արտադրանքի եւ ծառայությունների տրամադրման ոլորտներում, ինչպես նաեւ շինարարական շուկայի ընդլայնումն ու փոխշահավետ հարաբերությունների ստեղծումը արտադրողի եւ սպառողի միջեւ: «Շինարարությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է եւ մեր տնտեսության զարգացման խթանն է հանդիսանում: Հայաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում շինարարական ոլորտի զարգացմանը եւ բոլոր պայմանները կստեղծի այդ բիզնեսով զբաղվող գործարարների համար: Սակայն գործարարներն իրենց հերթին պետք է գիտակցեն, որ իրենք պետք է նոր նախագծեր ներկայացնեն, բարելավեն աշխատանքների որակն ու պայմաններ ստեղծեն միջազգային շուկա դուրս գալու համար»,-նշել է Ներսես Երիցյանը: Ցուցահանդեսն անցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի շինարարների միության աջակցությամբ: