16 հուլիսի 2018 - 11:05 AMT
ՀՀ նախագահը հայտնի հնդիկ գործարարի հետ քննարկել է ՀՀ-ում հնարավոր ներդրումները

Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաև նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է։

Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։ Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ և ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական եւ ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար: