16 հուլիսի 2018 - 11:26 AMT
Արմեն Սարգսյանը Կատարի էմիրին է ներկայացրել ՀՀ մրցակցային առավելությունները

Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։

Նշվել է, որ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: