16 հուլիսի 2018 - 17:45 AMT
Աշոտ Արսենյանը 13 մլն դրամ է տվել Մալիշկայի գյուղապետին՝ ԱԺ ընտրություններում կաշառք բաժանելուն

2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով, հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխացվել են հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։

Ավելի վաղ հայտնել էինք, որՄալիշկա համայնքի ղեկավարը կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես պաշտոնեական դիրքի չարաշահմամբ համայնքային միջոցները յուրացնելու մեջ:

Նա 2017 թվականին համայնքապետարանի գլխավոր հաշվապահի հետ համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։