25 ապրիլի 2008 - 18:44 AMT
Ֆրանսիայում արշավ է սկսվում, որը կոչ է անում Ֆրանսիայի թուրքերին Թուրքիայից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 23-24 Ֆրանսիայի մի շարք քաղաքներում միջոցառումներ են անցել` նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Մարսելում, Լիոնում եւ Փարիզում անցած միջոցառումներին մասնակցել է ավելի քան 100 հազ. մարդ: Մասնավորապես, հիշատակման արարողությանը Փարիզում քաղաքագլուխը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի թուրքական կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը: Արարողությանը ներկա թուրք լրագրող Ալի Էրտեմը, որ ապրում է Գերմանիայում, դատապարտել է Թուրքիային Հայոց ցեղասպանությունը հերքելու համար եւ հայտարարել է մի արշավ սկսելու մասին, որը կոչ է անում Ֆրանսիայի թուրքերին Թուրքիայից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, Գերմանիայում նմանատիպ արշավի արդյունքում 15 հազար ստորագրություն է հավաքվել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչյանը պահանջել է Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ իր վրա վերցնել մեղքը Ցեղասպանության բոլոր հետեւանքների համար:

Ապրիլի 27-ին CollectifVAN (Armenian Vigilance against the negationnism) կազմակերպության նախաձեռնությամբ Փարիզի Աստվածամոր Տաճարի դիմաց կայանալու է Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ հրեաների, Դարֆուրի եւ այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակի արարողություն: Այն կրելու է «Ցեղասպանությունները նայում են քեզ» խորագիրը: