18 հուլիսի 2018 - 13:40 AMT
ՀՀ-ից աշխատանքային միգրանտներին կթույլատրեն Լեհաստան տեղափոխել նաև ընտանիքը

Լեհաստանում փոփոխություններ կարվեն Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից , ՌԴ-ից և Ուկրաինայից աշխատանքային ներգաղթյալների համար: Այդ երկրներից Լեհաստան ներգաղթած անձինք, որոնք բնակվելու և աշխատելու թույլտվություն ունեն, մեկ տարի անց կկարողանան իրենց մոտ կանչել նաև հարազատներին, գրում է Telegraf-ը Gazetaprawna.pl-ի վրա հղումով:

Նման իրավունք կստանան այն ներգաղթյալները, որոնք Լեհաստանի համար հազվագյուտ մասնագիտություններ ունեն: Համապատասխան ցուցակն այժմ կազմվում է:

Գործնականում աշխատանքային ներգաղթյալը կարող է ընտանիքը Լեհաստան տեղափոխել երկիր ժամանելուց 1,5 տարի անց, իսկ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար կարող է մինչև 3 տարի պահանջվել: Ընդ որում գասթարբայթերի մոտ տեղափոխված հարազատները կկարողանան օրինական հիմունքներով աշխատել Լեհաստանում: