18 հուլիսի 2018 - 20:11 AMT
Ռուսական կողմը ներողություն է խնդրել Փանիկ գյուղում միջադեպի համար

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյաը ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովի, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ քննարկել է հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ: ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Իր հերթին, Դավիթ Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Շիրակի Փանիկ գյուղի վարչական տարածքում, կրակել են տարբեր զինատեսակներից, պայթուցիկներ փորձարկել, ինչն առաջացրել էր տեղի բնակիչների զայրույթը։