24 հուլիսի 2018 - 15:22 AMT
«Քեթրին Գրուպը» և դրա հետ փոխկապակցված ընկերությունները մոտ 600 մլն դրամ են վերականգնել պետբյուջե

«Քեթրին Գրուպը» և դրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել մոտ 600 մլն դրամի լրացուցիչ հարկ, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող այս ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ:

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով:

Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: