24 հուլիսի 2018 - 15:33 AMT
Երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու՝ սկանդալի պատճառ ադրբեջանցի օգտատերերի շրջանում

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու սկանդալ է առաջացրել Facebook-ի ադրբեջանական հատվածում, որը շարունակվում է արդեն մի քանի օր: Բանն այն է, որ Զառան ոչ միայն հայկական ազգանուն ունի, այլ նաև երգում է «Իմ Հայաստան» երգը, գրում է Jam-news.net-ը:

Սոցցանցում լուրեր են տարածվել, որ երգչուհուն հրավիրել են «Տապը» երաժշտական փառատոնին, որի գլխավոր կազմակերպիչն է ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը:

Փառատոնն անցնելու է հուլիսի 26-29-ը: Փառատոնն անցկացվում է 2016-ին, որին միշտ մասնակցում են ռուսաստանյան շոու բիզնեսի աստղեր:

Զառան անցանկալի հյուր է Բաքվում, քանի որ նրա գրառումներն Instagram-ում միանշանակ Հայաստանի դիրքորոշման օգտին են: Մեկնաբանությունները հեգնականից մինչև ագրեսիվ են՝ ոմանք դա խայտառակություն են համարում, մյուսները անեծքներ տեղում, ոմանք էլ կոչ են անում Սերժ Թանկյանին ու SOAD-ին հրավիրել («Ամո՛թ և նրանց, ով հայ երգչուհուն Բաքու է հրավիրում, և նրանց, ով դա թույլ է տվել: Ինչպիսի՛ խայտառակություն», «Անիծված լինեք, դավաճաններ», «Ավելի լավ է Սերժ Թանկյանին ու SOAD-ին բերեք»):

Իսկ կառավարամետ կայքն «արդարացել է» այն պատրվակով, որ Զառան ոչ թե հայ է, այլ եզդի:

Ժամանակին Բաքու են այցելել երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Իրինա Ալեգրովան, որոնք նույնպես հայկական արմատներ ունեն, ինչը ևս տարբեր արձագանքների թեմա էր դարձել: Հետաքրքրական է, որ ադրբեջանցիներին վրդովեցրել էր նույնիսկ Սոսո Պավլիաշվիլիի այցը 2016-ին, քանի որ եգիչը հայտարարել էր, որ «եղել է Ղարաբաղում և շարունակելու է այցելել Ղարաբաղ»: Չնայած դրան նրա համերգը անշլագով էր անցել: