24 հուլիսի 2018 - 17:41 AMT
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսիս Ցիպրասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.«Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Աթենքից ոչ հեռու բռնկված հրդեհների պատճառով արդեն 48 մարդ է զոհվել: Նախկինում հայտարարվել էր 24 զոհի մասին, սակայն, հուլիսի 24-ի առավոտյան ևս 24 դի է հայտնաբերվել հանգստավայր Մաթիից դեպի արևելք գտնվող լողափում:

Հունաստանի իշխանությունները արտակարգ իրավիճակի ռեժիմ են հայտարարել Աթենքից դեպի հյուսիս-արևելք ընկած շրջաններում:Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: