25 հուլիսի 2018 - 10:52 AMT
Մամեդյարով. Սեպտեմբերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում

Սեպտեմբերին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

«Այո, հանդիպում նախատեսվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք: Կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կամ ավելի շուտ: Սեպտեմբերին է նախատեսվում: Մենք պատրաստ ենք հանդիպման»,-հայտարարել է Մամեդյարովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է պարբերականին, որ Երևանն առաջարկ է ստացել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին, սակայն ժամկետները վերջնականապես համաձայնեցված չեն:

«Համանախագահներն առաջարկել են նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնել: Երբ վերջնականապես համաձայնեցվեն հանդիպման վայրն ու ժամկետները, մենք այդ մասին նախապես կհայտնենք»,-ասել է Բալայանը:

Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: