25 հուլիսի 2018 - 11:02 AMT
Աբխազիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ին՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում»,- մասնավորապես,նշվում է շնորհավորական ուղերձում:

Դաուր Կովեն վստահություն է հայտնել, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության: