27 հուլիսի 2018 - 10:23 AMT
Աշոտյանը՝ Քոչարյանի դեմ մեղադրանքի մասին. Դա քաղաքական տեռոր է

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ որոշումը «իրավական վակխանալիա» է որակել։ Այդ մասին նրա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Չէ, սա վենդետա չի։ Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:

Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը։