27 հուլիսի 2018 - 10:42 AMT
ԶԼՄ. Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, հայտնում է armtimes.com-ը:

Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով:

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել իր դեմ հետապնդումը ու նշել, որ «Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ»։ 2-րդ նախագահի կարծիքով, տեղի ունեցող գործընթացը ռումբ է՝ դրված երկրի տակ, պախարակում է բանակը ու վտանգում է երկրի իրավական համակարգը։