28 հուլիսի 2018 - 13:22 AMT
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանի

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ Թուրքիան է փակել սահմանը Հայաստանի հետ: Մեր կողմից սահմանը միշտ բաց է եղել: Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանը բացելու մասին»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի: Ըստ վարչապետի, Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային, այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը, բանակցությունների և խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշմանը:

«Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, որպեսզի տարածաշրջանը դառնա առավել անվտանգ, խաղաղ ու բարգավաճ»,-ասել է Փաշինյանը:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: