28 հուլիսի 2018 - 10:19 AMT
Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները կբողոքարկեն: Այդ մասին դատարանից դուրս գալուց հետո հայտարարել է նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, հայտնում է Aysor.am-ը:

Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը պատրաստվում է հուլիսի 28-ին մամուլի ասուլիսում ներկայացնել մանրամասներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։