30 հուլիսի 2018 - 12:24 AMT
Հետխորհրդային երկրներից ՀՀ քաղաքացիներին առավել հաճախ են մերժում Գերմանիա վիզայի հարցում

Հետխորհրդային երկրներից ՀՀ քաղաքացիներին առավել բարդ է շենգենի վիզա ստանալ Գերմանիա: Նրանք հաճախ մերժվում են, գրում է Deutsche Welle-ն:

2008-2017թթ. ՀՀ քաղաքացիները Գերմանիա զբոսաշրջային վիզա ստանալու համար 120.490 դիմում են ներկայացրել: 8,4%-ի դեպքում նրանք մերժվել են: Նմանատիպ իրավիճակ է Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ուզբեկստանի և Ղրղզստանի պարագայում: Նշվում է, որ վերջին տասնամյակում վիճակագրությունն այս հարցում գրեթե չի փոխվել:

ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար ավելի հեշտ է ձևակերպել շենգենյան վիզա դեպի Գերմանիա: 2008-2017թթ. ռուսաստանցիներն ավելի քան 3,5 մլն դիմում են ներկայացրել, նրանց հաջորդում են Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները՝ 635.000 և 367.000 հարցում համապատասխանաբար:

Գերմանիայի ԱԳՆ-ում հրաժարվել են նշել մերժումների կոնկրետ պատճառները՝ նշելով, որ որոշումը կայացնում է տվյալ երկրում Գերմանիայի դեսպանատունը օբյեկտիվ չափանիշների հիման վրա:

Օրինակ, հավակնորդը պետք է ապացուցի, որ բավարար ֆինանսական միջոցներ ունի Գերմանիա մեկնելու համար, կամ ունի այնտեղ ընկերներ կամ բարեկամներ, որոնք կարող են հոգալ նրա ծախսերը: Նախարարությունում հերքել են, որ մերժումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, թե որ երկրի քաղաքացի է հայտատուն:

Սակայն փորձագետներից շատերը կարծում են, որ դա չի համապատախանում իրականությանը: Նշվում է, որ արևմտայն երկրները հաճախ են որոշոում կայացնում՝ ելնելով ոչ պաշտոնական չափանիշներից, ինչպիսիք են, օրինակ, ներքաղաքական և տնտեսական իրավիճակը տվյալ երկրում, արտագաղթի բարձր տեմպերը կամ ահաբեկչական մեծ սպառնալիքը: