30 հուլիսի 2018 - 10:27 AMT
ՀՀԿ-ն Քոչարյանի գործի շուրջ զարգացումների մասին կբարձրաձայնի միջազգային հարթակներում

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքի և կալանավորման որոշման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ խմբակցությունը Քոչարյանի գործի շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային հարթակներում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը՝ ՀՀԿ-ն հայտարարում է.

Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին»։

Նշվում է նաև, որ հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել ՀՀ վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:

Ասվում է նաև, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով:

«ՀՀԿ խմբակցությունն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»,-ասվում է հայտարարության մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։