30 հուլիսի 2018 - 12:03 AMT
Օգոստոսի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Հուլիսի 30-ին և 31-ին Հայաստանի տարածքում արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի, Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ նրա, օգոստոսի 1-ից հանրապետության տարածքում օդերևութաբանական իրավիճակը աստիճանաբար կփոխվի։ Սև ծովի շրջաններից Հայաստանին մոտեցող ցուրտ մթնոլորտային ճակատը օգոստոսի 1-2-ին հիմնականում կազդի Շիրակի, Լոռիի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիների ու Գեղարքունիքի մարզերի վրա, որտեղ երեկոյան ժամերին կտեղան ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, իսկ օգոստոսի 3-4-ին այն կտեղաշարժվի դեպի հարավ-արևելք, իր ազդեցության գոտում ընգրկելով հանրպետության ողջ տարածքը, ինչի արդյունքում գիշերային ժամերին և երեկոյան անձրև և ամպրոպ պետք է սպասել Հայաստանի բոլոր մարզերում։

Ինչպես հայտնել է Սուրենյանը, օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերում, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։

Օգոստոսի 3-4-ին հանրապետության ամենաշոգ հատվածներում, Արարատում, Արմավիրում և Երևանում ցերեկը ամենաբարձր ջերմաստիճանը չի գերազանցի +32․․․+34 աստիճանը: