30 ապրիլի 2008 - 19:50 AMT
Պեկինում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել հայ-չինական գործարար համաժողով
Ապրիլի 25-ին Չինաստանի Արեւտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանի հանդիպումը Չինաստանի Առեւտրի նախարարության Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն, Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Սյույ Տունկայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը գնահատել է հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունները` նշելով մեծ ներուժի առկայությունը: Նշվել է, որ հունիսին Պեկինում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել հայ-չինական գործարար համաժողով, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի մոտ 20 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Վահագն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի աշխարհագրական ու աշխարհատնտեսական դիրքի եւ մտավոր ներուժի միջոցով տարածաշրջանում լուրջ ֆինանսական ու բարձր տեխնոլոգիաների կենտրոն դառնալու հեռանկարները, կարեւորվել է Հայաստանում ազատական տնտեսական դաշտի հանգամանքը:

Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար կարեւորվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ոլորտների ճշտումը, մասնավորպես` շինարարությունը, օրգանիկ քիմիան, ծանր մեքենաշինությունը, էներգետիկան, քարերի մշակման եւ գյուղատնտեսական վերամշակման ոլորտները:

Դեսպանը նշել է, որ չափազանց կարեւոր է տնտեսական եւ միջպետական համագործակցության տեսանկյունից խթանել նաեւ հայկական ապրանքների ներմուծումը չինական շուկա:

Պրն. Սյույ Տունկայը ներկայացրել է հայ-չինական առեւտրային շրջանառության մասին վերջին տվյալները` նշելով շրջանառության 2007թ. գրանցված 15-տոկոսանոց աճը: Չինական կողմը կարեւորել է նաեւ երկկողմ գործարար ուղղակի շփումների ակտիվացման միտումը, ինչի ուղղությամբ կարող են լուրջ աշխատանք ծավալել Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատն ու Չինաստանի Առեւտրի նախարարության արտերկրի հետ առեւտրային կապերի խթանման բյուրոն:

Չինական կողմը խոստացել է նաեւ կոնկրետացնել ներդրումային համատեղ նախագծերի ուղղությամբ առաջարկները` ընդգրկելով հեռանկարային ոլորտները եւ ծավալները: Նշվել է, որ բոլոր ներդրումային ծրագրերը կարելի է իրականացնել չինական Exim բանկի միջոցով:

Չինական կողմը նաեւ դիմել է հայկական կողմին խնդրանքով տրամադրել տեղեկատվություն չինական շուկայում մրցունակ հայկական ապրանքների վերաբերյալ: