30 հուլիսի 2018 - 17:08 AMT
Էրդողանն ամերիկացի եկեղեցականի գործով զիջումների չի գնա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի նահանջելու և պատրաստ է իր ճանապարհով գնալ, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ:

Բրանսոնը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին, 2 տարի անցկացրել կալանավայրում, իսկ 2018-ի հուլիսին նրա խափանման միջոցը փոխվել է՝ նա տնային կալանքի տակ է:

«ԱՄՆ-ն չպետք է մոռանա, որ եթե չփոխի իր վերաբերմունքը, ապա ի դեմս Թուրքիայի հզոր և անկեծ գործընկերոջ կկորցնի»,-ասել է Էրդողանը, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևոր հորը: Թրամփը պատրաստ է «խիստ պատժամիջոցներ» կիրառել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ: «Նա շատ է տառապում: Այդ հավատացյալ մարդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել է ԱՄՆ նախագահը 50-ամյա եկեղեցականի մասին:

Էրդողանը նաև հերքել է այն ենթադրությունները, թե համաձայնություն կա Բրանսոնին արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիների հետ փոխանակելու վերաբերյալ:

Ավելի վաղ Էրդողանը Բրանսոնի արտահանձնումն ԱՄՆ-ին կապում էր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու հետ, որին Թուրքիայում համարում են 2016-ի հեղաշրջման կազմակերպիչ:

Էրդողանը նաև զգուշացրել է, որ Թուրքիան կարող է միջազգային դատարան դիմել, եթե ԱՄՆ-ն որպես պատասխան միջոց հրաժարվի F-35 կործանիչների առաքումից Թուրքիա: