Օգոստոսի 1-15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր-2018 » (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
ՀՀ ԶՈւ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:
2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում: