30 հուլիսի 2018 - 16:36 AMT
2 ամսում բանան և շաքարավազ ներկրողներն ավելացել են, գները՝ նվազել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն ասել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսներին շաքարավազ ներմուծողներն ու ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 16%-ով:

Անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ոլորտին՝ ՏՄՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություն և ներկա դրությամբ որևէ արգելք չկա, որ ցանկացած տնտեսվարող իրականացնիներկրում:

Ըստ Շաբոյանի, մինչև վերջերս բանանի շուկայի 90%-ը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Վերջին երկու ամսում էապես ավելացել է նաև բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվը: Արդյունքում՝ բանանի գինը մեր երկրում նվազել է առնվազն երկու անգամ՝ կազմելով 480 դրամ:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չլինեն ՀՀ-ում:

«Մեր խնդիրն է, որ չլինեն շուկայի հասանելիության խնդիրներ ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո: Մենք հայտարարություն անելիս նախ պետք է ուսումնասիրենք՝ կարգավորումներն իրական կյանքում գործում են, թե՞ հայտարարությունները կրկին շարունակում են լինել մի հարթության մեջ, իսկ իրականությունը՝ մեկ այլ: Այստեղ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի և, ընդհանրապես, կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը», - ասել է նա: