Մեքսիկական Aeromexico ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որը կատարում էր Դուրանգո-Մեխիկո AM2431 չվերթը, վթարի է ենթարկվել Գուադալուպե Վիկտորիա օդանավակայանում թռիչքի պահին: Այդ մասին Twitter-ում հայտնել է ավիաընկերությունը:
Ըստ տրանսպորտի նախարար Ժերարո Ռուիս Էսպարսայի, ինքնաթիռում 97 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ:
Ինչպես հայտնել է Դուրանգո գավառի նահանգապետ Խոսե Աիսպուրոն, վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել: Ըստ նախնական տվյալների, տուժել է 85 մարդ: Նրանցից, ըստ առողջապահության նախարարության, 18 մարդ է հոսպիտալացվել, գրում է Deutsche Welle-ն:
Ինքնաթիռը վայր է ընկել բարձրություն հավաքելիս՝ օդանավակայանից ոչ հեռու: Պատահարի պատճառները ճշտվում են: Աղետի վայրում են հրշեջներն ու փրկարարները:
Ավելի վաղ Կուբայում վթարի էր ենթարկվել Global Air մեքսիկական ավիաընկերության ինքնաթիռը, որի հետևանքով 110 մարդ է զոհվել: