1 օգոստոսի 2018 - 11:25 AMT
ԱԳՆ-ն ցավակցել է ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Աֆրիկայում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

«Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հուսով ենք, որ մեղավորները շուտափույթ կպատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանցի լրագրողներին, որոնք ԿԱՀ-ում փաստագրական ֆիլմ էին նկարահանում, գրոհել է 10 մարդ, հայտնում է Radio Ndeke Luka-ն: Ըստ ռադիոկայանի, Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռաստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի վրա հարձակվել են երեկոյան մոտ ժամը 6-ին, Սիբուտից ոչ հեռու:

Օրհան Ջեմալը ռուսաստանաբնակ հայտնի ադրբեջանցի գործիչ Հեյդար Ջեմալի որդին էր:

«Անվտանգության ուժերի ներկայացուցիչները խնդրել էին նրանց չմեկնել, քանի որ արդեն մութ էր: Նրանք պնդեցին իրենցը և մեկնեցին»,-հայտարարեկլ է տեղացի պաշտոնյա Մարսելին Յոյոն: Ըստ նրա, բոլոր հանցագործները միայն արաբերեն են խոսել:ԿԱՀ-ում կայունացման ՄԱԿ առաքելությունում հայտարարել են, որ զոհված ռուսաստանցիների դիերը հայտնաբերվել են մեքենայում Սիբուտից դեպի հյուսիս 33 կմ հեռավորության վրա: