1 օգոստոսի 2018 - 16:18 AMT
Լուկյանով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դատական հետապնդումը ՌԴ-ում ընկալվում է որպես վիրավորանք

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, սակայն, Ռուսաստանում ավելի մեծ արձագանք ստացավ Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ անձի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ներկայացրած մեղադրանքը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված վերլուծական հոդվածում գրել է ՌԴ Արտաքին և ներքին պաշտպանության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Նա նշում է, որ փաստացի մեղադրանք է ներկայացված միջազգային գործող պաշտոնյայի, որը ղեկավարում է ռազմական դաշինքը, որի առաջատար պետությունը Ռուսաստանն է: Վերջին հանգամանքը ստիպել է մի շարք մեկնաբանների խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտածված հակառուսական դեմարշի մասին, որի վերաբերյալ շատերն առանց այդ էլ կասկածներ ունեն ՌԴ հետ դաշնակցային կապերի առումով: Սակայն, ըստ վերլուծաբանի, ամեն ինչ այդ տեսակետից դիտարկելը կնշանակեր իրավիճակը պարզունակ ընկալել:

Աշխարհում տիրող միտում է դարձել ներքին իրավիճակի գերակայությունն արտաքինի հանդեպ: Փոփոխությունները հանրության տրամադրություններում, դժգոհությունն իշխանություններից քաղաքական գործիչներին ստիպում է շտապ փոխել կուրսը: Եթե իշխանությունները պատրաստ չեն արագ փոփոխությունների, ալիքը նոր դեմքեր է ի հայտ բերում: Այս համատեքստում Թրամփը, Մակրոնը, Սալվինին և Փաշինյանը նույն կարգի երևույթներ են, սակայն միանգամայն տարբեր մասշտաբի, գրում է հեղինակը:

Հոդվածում ասվում է, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դատական հետապնդումն ընկալվում է Ռուսաստանում որպես վիրավորական և ցուցադրական քայլ, նույնիսկ հրահրված դրսից: «Ըստ իս, Երևանում նման որոշում կայացնողները եթե մտածել էլ են միջազգային հետևանքների մասին, ապա դա արել են վերջին հերթին: Սեփական քաղաքական դաշտի վերաձևման անհրաժեշտությունը՝ պայքարը կոռուպցիայի դեմ և վաղուց կայացած քաղաքական կլաններից ձերբազատվելու դրդումն է եղել «հեղափոխական» իշխանության մղումը: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային բողոքների արդյունքում, նա պետք է ապացուցի իր վճռականությունը: Եվ «կողմնակի վնասը», ինչպես ՀԱՊԿ դեպքում, որը հայտնվել է հիմար վիճակում, անուշադրության է մատնվում»,-ասվում է հոդվածում:

«Դաշնակիցների հետ նման պահվածքը ակնհայտորեն Հայաստանին օգուտ չի բերի: Նման բաներ անել աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, կնշանակի կրակի հետ խաղալ, որքան էլ ծանրակշիռ լինեն գեներալ Խաչատուրովին ներկայացվող մեղադրանքները: Եվ այն փաստը, որ Երևանի գործողություններում իրականում ոչ մի հակառուսական ենթատեքստ կամ դաշնակցի դեմ դեմարշ անելու ցանկություն չկա, բոլորովին էլ չի երաշխավորում, որ դա կընդունվի որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ պարզամտությունը երբեմն գողությունից էլ վատ է»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։