2 օգոստոսի 2018 - 14:43 AMT
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: