3 օգոստոսի 2018 - 14:58 AMT
ՊՆ ղեկավար. Սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է՝ բոլոր ռիսկերը չեզոքացվում են

Սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է և՛ արցախյան, և՛ նախիջևանյան ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք, և բոլոր ռիսկերը չեզոքացվում են», - ասել է Դավիթ Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն Կասպրշիկի գրասենյակին առաջարկել է դիտարկում անցկացնել նախիջևանյան հատվածում: «Դա կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ: Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը, հայկական կողմը շարունակում է գրասենյակի հետ աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ասել էր նախարարության խոսնակը: