3 օգոստոսի 2018 - 17:05 AMT
Զախարովա. Լավրովի օրակարգում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում չկա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային օրակարգում առաջիկայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՌԴ նախարարի օրակարգում նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,-ասել է նա: Ընդ որում, Զախարովան նշել է, որ սերտ շփումներ են պահպանվում Հայաստանի ԱԳՆ հետ «տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 28-ին Մարտի 1-ի իրադարձությունների հետքերով քննվող քրգործի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։