4 օգոստոսի 2018 - 13:19 AMT
Քոչարյանի կալանավորումը բողոքարկող դիմումը Վերաքննիչը չի քննելու մինչև օգոստոսի 7-ը

Վերաքննիչ դատարանը մինչև օգոսոտոսի 7-ը չի քննելու Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը բողոքարկող դիմումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

«Վերաքննիչ դատարանը մեր բողոքը չի քննելու այսօր՝ օգոստոսի 4-ին: Երկուշաբթի օրը դեռևս բողոքարկման օր է, և առնվազն մինչև երեքշաբթի օրը բողոքը չի քննվելու»,- ասել է Ալումյանը՝ հավելելով, որ պատրաստվում է օգոսոտոսի 6-ին նաև իր կողմից բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան, իսկ բողոքը վարույթ չընդունելու հիմք դատարանը չունի:

Ավելի վաղ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծել է Մարտի 1-ի 0038 հրամանը։

Խաչատրյանը նաև մեկնաբանել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ՊՆ-ին պատկանող զենքից կրակոցներ չեն եղել։ Խաչատրյանի խոսքերով, Քոչարյանը չէր կարող իմանալ` այդ զենքերը կիրառվել են, թե` ոչ։ Նա նշել է, որ 1700-ից ավել պարկուճ առգրավվել, իդենտիֆիկացվել է մոտ 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել ու զենքերը պարկուճադարանում չկան։ Խաչատրյանը նաև ասել է, որ որոշ ստորաբաժանումների կողմից, այսպես կոչված «մաքուր» զենք է կիրառվել, որը հետագայում հավաքվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։