6 օգոստոսի 2018 - 18:08 AMT
«Սանիթեքի» աշխատանքը խստագույնս կհսկվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք» ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները, հայտնում է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նա անբավարար է գնահատել վերջին շրջանում «Սանիթեք» ընկերության աշխատանքը:

Զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն:

Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: