Օգոստոսի 6-ին Ռուսաստանը հայտարարել է հույն դիվանագետներին արտաքսելու մասին:
ՌԴ ԱԳՆ է կանչվել այդ երկրում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը, որտեղ նրան նոտա են հանձնել «հայելային միջոցների» մասին՝ ի պատասխան Աթենքի ոչ բարեկամական գործողությունների ռուս դիվանագետների հանդեպ, գրում է Deutsche Welle-ն:
Հուլիսին Հունաստանի իշխանությունները հայտարարեցին ՌԴ երկու դիվանագետի արտաքսման մասին: ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ևս երկու աշխտակցի արգելվեց մուտքը Հունաստան՝ Աթենքը մեղադրեց նրանց իր ներքին գործերին միջամտելու և պետական ծառայողներին կաշառելու մեջ:
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Աթենքի հանդեպ եղել է «բրիտանացի և ամերիկացի գործընկերների հզոր ճնշում» դիվանագետներին արտաքսելու հարցում: Իր հերթին Հունաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին երկրի հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հունական քաղաքականության արժեքները չհասկանալու մեջ: