7 օգոստոսի 2018 - 14:31 AMT
Կազիմիրով. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Փաշինյանը պետք է միասին քննարկեն ԼՂ հարցը

Իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի ԼՂ հակամարտության կարգավորման գծով 1992-96թթ. լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ հեղինակի, իրավիճակն Ադրբեջանում միանշանակ չէ: «Այդ երկրի ֆինանսական հարաբերական բարվոք վիճակը չի կրճատում սոցիալական անհավասարությունը, իսկ իշխող վերնախավը խաբում է ժողովրդին ցուցադրական հայրենասիրությամբ, մշտական սպառնալիքներով՝ ուժով հետ բերել այն ամենն, ինչ կորցրել են 1991-94թթ. պատերազմում, թեև հիանալի հասկանում է նոր պատերազմի ռիսկերն ամբողջ երկրի և առաջին հերթին հենց իր համար: Այստեղից էլ միջադեպերը և նույնիսկ ուժի ցուցադրությունը, բանակցություններում առաջընթացի արգելակումը: Պատերազմի զոհերին նոր պատերազմով չես վերադարձնի, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ ապրում է նախկին թշնամանքով, ոչ թե վեճերի արագ կարգավորմամբ»:

Կազիմիրովը նշում է, որ ՀՀ դիրքորոշումը ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններում մինչև վերջերս քիչ թե շատ պարզ էր: «Հայաստանը փոխզիջումներ էր որոնում՝ բացառելով հակամարտության ուժային լուծումը: Դա համապատասխանում էր այն փաստաթղթին, որի հիման վրա էլ հաստատվեց հրադադարը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությանը»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ հայաստանյան թավշյա հեղափոխությունն առաջ բերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի մոտ:

«Դա համապատասխանում է այդ հակամարտության անսովոր, եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս, որ 90-ականների կեսերին բանակցել են 3 կողմերը, այսինքն ԼՂ մասնակցությամբ: Ղարաբաղի վերաբերյալ 2 համաձայնագրերն էլ՝ 1994թ. մայիսի 12-ի հրադադարի մասին և 1995-ի փետրվարի 4-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին (ուրիշ համաձայնագրեր չկան և չեն եղել), ստորագրել են հակամարտության բոլոր 3 կողմերը, իսկ այն պատերազմի տարիներին Ադրբեջանն էր առաջինը շփումներ հաստատում ԼՂ հետ շփման գծում իրավիճակից ելնելով: Ավելին, նույնիսկ հրադադարը առաջինը Բաքուն է ստորագրել ԼՂ հետ 1994-ի մայիսի 9-ին, և հետո միայն իմ խնդրանքով հեռախոսով միացել է Հայաստանը: Թվում էր թե, Բաքվում պետք է գիտակցեն, որ այն ժամանակ գործ են ունեցել ԼՂ հետ հենց որպես հակամարտության կողմի հետ, և հետևաբար, բանակցությունների մասնակցի: Ցավոք, այնտեղ «չեն հիշում» այդ մասին»,-գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ռուսաստանցի համանախագահը:

Ըստ նրա, վերջին շրջանում կրկին բարդանում է ներքին իրավիճակը Հայաստանում՝ տարաձայնություններ են առաջացել երկրի հայտնի առաջնորդների միջև: «Հազիվ թե պառակտման ոգին նպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը Բաքվի հետ բանակցություններում: Պատահական չէ, որ Բաքուն արդեն փորձում է մեղադրել Երևանին հանդիպումներն ու բանակցությունները տապալելու կամ ձգձգելու մեջ: Ոչ միայն ներքին իրավիճակը, այլ նաև բանակցային գործընթացը պահանջում են միավորել երկրի բոլոր առանցքային ուժերի ջանքերը: Անհարմար է ինչ-որ բան դրսից առաջարկելը, առավել ևս, առաջին հայացքից, այսքան պարզ մի բան՝ բայց, հավանաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման կարիք կա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վերաբերյալ միասնական մոտեցում մշակելու նպատակով: Վստահ եմ, որ թարգմանիչ նրանց պետք չի գա, եթե նրանք խոսեն ապագային միտված լեզվով, ոչ թե անցյալին, և մտածեն ԼՂ այն նույն ճակատագրի մասին, որի պատճառով էլ առաջացավ հակամարտութունը 30 տարի առաջ, ոչ թե սեփական դիրքերի մասին»,-կարծում է Կազիմիրովը:

Ըստ նրա, առողջ ուժերի համախմբումը կարևոր է այս հակամարտության բոլոր երեք կողմերի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: