7 օգոստոսի 2018 - 14:41 AMT
Փաշինյանը ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր է քննարկել Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, գործունեության վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն hայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջադրված մեղադրանքի հետ կապված իրավիճակը:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: