7 օգոստոսի 2018 - 15:34 AMT
Մոտ 105 մլն դրամի չարաշահում՝ գյուղացիներին մատչելի դիզվառելիք հատկացնելու ծրագրում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում չարաշահումներ են թույլ տվել, հայտնում էՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Նշվում է, որ պաշտոնատար անձինքն չեն կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները:

«Չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.8 մլն դրամ ավելի սուբսիդիա», - նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: