5 մայիսի 2008 - 22:05 AMT
Ֆրանսիան շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բերնար Կուշների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն իր ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված լայն կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները եւ առաջնային անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ: Առանձնակի անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: ՀՀ ԱԳ ղեկավարը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա: Նրա խոսքերով, հայկական կողմը բարձր է գնահատում միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իր հերթին Բ.Կուշները վստահեցրեց, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

ՀՀ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության էլ ավելի խորացման հարցերին: