7 օգոստոսի 2018 - 17:56 AMT
Շարմազանովն ու ՌԴ դեսպանը խոսել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խորացման մասին

Հայաստանն ու Ռուսաստանը կարևորում են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում: Այդ հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական և մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի: