8 օգոստոսի 2018 - 14:33 AMT
ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից 10 տարի անց ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ավարտել ռազմական ներկայությունը Վրաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը՝ հավելելով, որ Մոսկվան պետք է կատարի 2008-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորություններն ու դուրս բերի զորքերն Աբխազիայից և Հարավային Օսիայից:

«Այդ շրջանները Վրաստանի բաղկացուցիչ մասն են, ոչ թե Ռուսաստանի», - ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ Նոյերթի, «ԱՄՆ-ն նախկինի պես սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Ռուսական զորքերի տեղակայումն Աբխազիայում և Հարավային Օսիայում դատապարտել է նաև Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը: Նա նշել է, որ ՌԴ քաղաքականությունը «Վրաստանի շրջանների հանդեպ խախտում է միջազգային իրավունքը»՝ կոչ անելով թույլ տալ ԵՄ դիտորդների մուտքն Աբխազիա և Հարավային Օսիա:

2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: